Հարթակի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Բժիշկների և ընդհանրապես բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողի առաքելության և գործունեության անբաժան մասն է, որը նաև հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացման ամենակարևոր հենասյունը: Այն ապահովում է բուժաշխատողների գիտելիքների արդիականությունը և պատրաստվածությունը, նվազեցնում բուժման գործընթացում սխալվելու հավանականությունը ու բուժման արդյունավետությունը: Ժամանակակից աշխարհում բուժաշխատողների կրթությունը կրում է շարունակական և հարատև բնույթ, ինչի մասին վկայում են ամբողջ աշխարհում անցկացվող մեծաթիվ գիտաժողովները, համագումարները, կոնֆերանսները, դասախոսությունները, տեսական կամ գիտագործնական սեմինարները, վերապատրաստման դասընթացներն ու վարպետաց դասերը, ինչպես նաև հեռավար կամ առցանց դասընթացները, ինչի համար մասնակիցներին շնորհվում են շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) միավորներ՝ կրեդիտներ: Հայաստանում, ըստ "Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի" 33-րդ հոդվածի 2-րդ մասի ՇՄԶ գործընթացի անընդհատությունն ամփոփվում է յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլով՝ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության անընդհատության, ինչպես նաև գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Այդ գնահատման միավորը՝ ՇՄԶ կրեդիտն է: ՇՄԶ բազմաձևությունն ապահովելու համար օրենքում նախատեսված մասնագիտական զարգացման տեսակների մեջ առանձին տեղ է հատկացված ինքնակրթությանն ու ինքնազարգացմանը՝ գիտական աշխատանքների ու աշխատությունների հրապարակման, ինչպես նաև հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության միջոցով: ՇՄԶ գործունեությունը և շնորհվող կրեդիտները պետք է լրացվեն տեսական գիտելիքների զարգացման, գործնական հմտությունների զարգամցան և ինքնակրթության տեսակներով և կազմեն՝
1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ
դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների,
որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.
2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ
դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների,
որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:
Օրենքով սահմանված կարգով բժշկական կրթական ծրագրեր կարող են իրականացնել՝
- բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություններ,
- առողջապահական կամ բժշկական կազմակերպություններ,
- առողջապահական բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:
2021 թվականից առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձիք 5-ամյա շրջափուլում պարտավոր են հավաքել օրենքով սահմանված ՇՄԶ կերդիտների քանակը կամ անցնել վճարովի վերապատրաստում, որը տևում է 7 շաբաթ, ինչը առաջացնում է անհրամարություն, քանի որ հնարավոր չի լինում համատեղել պատշաճ վերապատրաստումը աշխատանքային գործընթացի հետ և արդյունքում բուժաշխատողը կրում է ֆինանսական վնաս: Դա է պատճառը, որ բուժաշխատեղների համար ավելի նախընտրելի է 5 տարի շարունակ՝ գիտաժողովներին պարբերաբար մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների բավարար քանակի ապահովումը: Գիտաժողովների և սեմինարների մեծ մասը՝ լոգիստիկ և կազմակերպչական հարմարավետությունից ելնելով անց է կացվում Երևանում և դա խոչընդոտ է հանդիսանում մարզերում մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների համար, քանի որ Երևանում իրականացվող միջոցառմանը մասնակցելու համար նրանք պետք է ծախսեն հավելյալ ֆինանսական միջոցներ ու ժամանակ, ինչպես նաև հաղթահարեն լոգիստիկայի հետ կապված բարդությունները: Չնայած, որ օրենքով ամրագրված է էլեկտրոնային ուսումնական նյութերով (ԷՈՒՆ) ինքնակրթության մեթոդը, Հայաստանում այդ ոլորտը դեռևս բավարար զարգացած չէ՝ չկա որևէ հարթակ, որտեղ բուժաշխատողները կկարողանան ընտրել իրենց մասնագիտությանն առնչվող դասախոսությունները, լսել դրանք և գնահատել իրենց անցած դասընթացի արդյունավետությունը: Շարունակական մասնագիտական զարգացման այս տեսակի անհրաժեշտությունը Հայաստանում առավել սուր զգացվեց կորոնավիրուսային համավարակի տարածման ընթացքում, երբ սահմանափակված էր մադրկանց տեղաշարժը, արգելված էին զանգվածային միջոցառումները և հավաքույթները (դեռևս արգելված են և անհայտ է, թե երբ կթույլատրվի գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը), իսկ արգելանքը հանելուց հետո, դեռևս անհայտ է, թե երբ հնարավոր կլինի մեծաթիվ մասնակիցներով և հագեցած օրակարգով բժշկական միջոցառումների կազմակերպումը և դրանցում բուժաշխատողների մասնակցությունը: Հարկ է նաև նշել, որ դեռևս տևական ժամանակ բուժաշխատողները մեծ զգուշավորություն են ցուցաբերելու նման հանրային և բազմամարդ միջոցառումներին մասնակցելու հարցում, սակայն այդ զգուշավորությունը և բուժաշխատողների մտահոգությունը որևէ կերպ չի ազդում և չի ազդելու օրենքով պարտադրված ՇՄԶ կրեդիտների անհրաժեշտ քանակի հավաքագրման գործընթացի վրա: Հաշվի առնելով վերը նշված փաստերը, անհաժեշտություն է առաջանում ԷՈՒՆ մասնագիտացված հարթակի ստեղծման մեջ, որը կնպաստի բուժաշխատողների շարունակական կրթությանը և միևնույն ժամանակ չի վտանգի նրանց առողջությունը, իսկ հետագայում այդ հարթակի գործածությունը կխնայի մարզային բուժաշխատողների կողմից գիտաժողովներին մասնակցելու նպատակով լոգիստիկ խնդիրների վրա ծախսվող ֆինանսական միջոցները ու թույլ կտա և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բուժաշխատողներին խնայել նաև իրենց ժամանակը: Ամփոփելով, կարելի է ասել, որ տվյալ ծրագրի նպատակն է ավելի հասանելի դարձնել առցանց շարունակական մասնագիտական կրթությունը և հնարավորություն տալ բուժաշխատողներին տանից կամ աշխատավայրից լսել դասախոսություններ, ստանալ պրակտիկ և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև ապահովել ՇՄԶ կրեդիտների անհրաժեշտ քանակությունը 5-ամյա շրջափուլում: